Сб. Май 25th, 2024

ԱՄՀ-ն այս տարի նվազեցնում է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան՝ մատնանշելով ինֆլյացիայի, պարտքի աճող ռիսկերը եւ աճի հեռանկարների տարբերությունները կորոնավիրուսային պատվաստանյութերին հասանելիություն ունեցող երկրների եւ պատվաստումների կարիք ունեցող երկրների միջեւ, հայտնում է AP-ը։

Նա նշել է, որ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ»-ի հուլիսյան համարում ԱՄՀ-ն կանխատեսում էր համաշխարհային տնտեսության կայուն աճ՝ 6%-ով: Բայց այժմ, նրա խոսքով, ԱՄՀ կանխատեսողները մի փոքր ավելի քիչ լավատես են՝ ամռանը աշխարհի շատ մասերում «դելտայի» դեպքերի աճից եւ սպասվածից ավելի ուժեղ ինֆլյացիայից հետո, որը սրվել է գլոբալ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրներով: «Համաշխարհային տնտեսության հավասարակշռված վերականգնման ռիսկերը եւ խոչընդոտներն էլ ավելի ակնհայտ են դարձել»,- ասել է Գեորգիեւան:

Նրա խոսքով, վտանգ կա, որ սպասվածից բարձր ինֆլյացիան կարող է ստիպել կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները եւ ավելի դանդաղեցնել աճը: Նրա խոսքով, սննդամթերքի գների բարձրացումը հատկապես մտահոգիչ է, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային գները բարձրացել են 30%-ով, եւ էներգակիրների թանկացումը նույնպես ճնշում է մարդկանց:

«Միացյալ Նահանգներն ու Չինաստանը շարունակում են մնալ աճի կենսական կարեւոր շարժիչ ուժեր, չնայած դրանց թափը ներկայումս դանդաղում է»,- ասել է Գեորգիեւան՝ հավելելով, որ մի քանի այլ զարգացած եւ զարգացող տնտեսություններ նույնպես թափ են հավաքում՝ մատնանշելով Իտալիան եւ եվրոպական այլ երկրներ: «Ի հակադրություն, շատ այլ երկրներում աճը շարունակում է վատթարանալ՝ պատվաստանյութերին ցածր հասանելիության եւ քաղաքականության սահմանափակ արձագանքների պատճառով»,- նշել է նա:

Նա ասել է, որ դեռեւս հնարավոր է հասնել ԱՄՀ-ի եւ այլ գլոբալ կազմակերպությունների սահմանած նպատակներին՝ մինչեւ այս տարվա վերջ յուրաքանչյուր երկրում մարդկանց առնվազն 40%-ին պատվաստել եւ 2022-ի առաջին կեսին հասնել 70%-ի:

Գեորգիեւան հարուստ երկրներին կոչ է արել կատարել աջակցության խոստումները եւ փակել թեստավորման, հետեւման եւ բուժման համար ֆինանսավորման 20 միլիարդ դոլարի բացը: «Եթե մենք դա չանենք, աշխարհի մեծ մասը կմնա չպատվաստված, իսկ մարդկային ողբերգությունը կշարունակվի»,- ասել է նա: «Դա կդանդաղեցնի վերականգնումը: Մենք կտեսնենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները առաջիկա հինգ տարիների ընթացքում կաճեն մինչեւ 5,3 տրիլիոն դոլար»:

Գեորգիեւան ասել է, որ ԱՄՀ-ն 118 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է տրամադրել 87 երկրների՝ այս մարտահրավերը լուծելու համար, եւ հաստատել է գործակալության փոխառությունների հատուկ իրավունքների 650 միլիարդ դոլարի ավելացումը: Այս միջոցներն ուղղված են ֆինանսական միջոցների կարիք ունեցող երկրների աջակցությանը: Այս գումարից մոտ 275 մլրդ դոլար հատկացվել է զարգացող երկրներին: Նա հարուստ երկրներին հորդորել է այդ ռեսուրսներից ավելի շատ ուղղել դեպի առավել աղքատ երկրներ:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *