Ср. Июн 12th, 2024

Գվատեմալայի Էլ Պետեն նահանգում հնագետները շարունակում են ուսումնասիրել մայաների խոշորագույն տարածքներից մեկը՝ հնագույն Տիկալ քաղաքը: Վերջերս անցկացված հետազոտության արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ շրջակայքի այն բլուրները, որոնք բնական էին համարվում, իրականում թաքցնում էին 1800-ամյա միջնաբերդի ավերակները, գրում է «Աշխարհի շուրջ» պորտալը՝ հղում անելով Sci Tech Daily-ին:

Տիկալը համարվում է աշխարհի ամենաուսումնասիրված հնագիտական վայրերից մեկը: Այստեղ պեղումներն անցկացվում են 1950-ականներից: Սակայն, այս օբյեկտը կարողացավ զարմացնել գիտնականներին: Ըստ նախնական եզրակացությունների՝ բլուրների տակ թաքնված ավերակները նախագծվել են այնպես, ինչպես Թեոտիուականում՝ հին Ամերիկայի ամենամեծ եւ ամենահզոր քաղաքում:

«Անկախ նրանից, թե ով եւ ինչու է կառուցել այս ավելի փոքր օրինակը, դա, անկասկած, ցույց է տալիս, որ Տիկալի եւ Թեոտիուականի միջեւ փոխազդեցության մի այլ մակարդակի մասին, քան կարծում էին ավելի վաղ»,- նշել է հետազոտության ղեկավար մարդաբան Սթիվեն Հյուսթոնը՝ Բրաունի համալսարանից (ԱՄՆ):

Տիկալը եւ Թեոտիուականը լրիվ տարբեր քաղաքներ են եղել: Տիկալը խիտ բնակեցված էր, բայց համեմատաբար փոքր էր չափերով, մինչդեռ Թեոտիուականն ուներ կայսերական կենտրոնի բոլոր հատկանիշները: Այն մարդիկ, ովքեր կառուցել են Թեոտիուականը, գաղութացրել են հսկայական տարածքներ հարյուրավոր կիլոմետրեր շրջանագծով:

Մասնագետները վաղուց կասկածում են, որ երկու քաղաքների բնակիչները առեւտրային եւ մշակութային կապեր են ունեցել շատ ավելի վաղ այն բանից, երբ Թեոտիուականը մ.թ. 378թ․ նվաճել է Տիկալը։ Նոր գտածոն միայն ամրապնդում է այս վարկածը:

Տիկալում հայտնաբերված որոշ շենքեր կառուցվել են ոչ թե մայաների ավանդական կրաքարից, այլ կավե սվաղից: Բացի այդ, շենքերը նախագծվել են այնպես, ինչպես Թեոտիուականի միջնաբերդում՝ միայն ավելի փոքր մասշտաբով: Նույնիսկ բարդ քիվերն ու ճեմուղիներն են պատճենվել, ինչպես նաեւ համալիրի հարթակների հատուկ կողմնորոշումը՝ 15,5 աստիճան դեպի հյուսիս-արեւելք:

«Ճարտարապետական համալիրը, որը մենք հայտնաբերել ենք, կարծես թե կառուցվել է Թեոտիուականի բնակիչների կամ նրանց վերահսկողության տակ գտնվողների համար: Թերեւս դա դեսպանատան նման մի բան է եղել: Բայց երբ մենք միավորում ենք նախորդ հետազոտությունների արդյունքները մեր բացահայտումների հետ, դա ավելի կոշտ գրավման միտք է հուշում: Առնվազն Տիկալի մեջ օտար քաղաքի մի մաս ներդնելու փորձի մասին»,- հավելել է Հյուսթոնը:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *