Ср. Июн 12th, 2024

 

Կարդացեք նաև՝

«Հրեշտակ» բառը, ըստ լեզվաբանների, ծագում է ավեստայի լեզվի՝ զենդերենի «fraēšta» կամ պահլավերեն «frēštak» բառերից, որոնք երկու դեպքերում էլ բուն իմաստով թարգմանվում են որպես պատգամավոր, սուրհանդակ, լրաբեր, թղթատար։ Նույն թարգմանությամբ են հանդես գալիս նաև հունարեն «angelos» (որտեղից էլ լատիներեն՝angelus, անգլերեն՝angel, ռուսերեն՝ ангел ձևերը) և եբրայերեն ու արաբերեն «malāck» բառերը։ Սուրբ Գրքի գրաբար թարգմանության մեջ բազմաթիվ են «հրեշտակ» բառի կիրառությունները որպես մարդու կամ մարդկանց, ովքեր հատուկ հանձնարարությամբ ուղարկվում են մեկի կողմից մեկ ուրիշի մոտ (հմմտ. Ա Թագ. 16։19, Ղուկ. 7։24)։

Սուրբ Գրքում, թեև ոչ այնքան առատորեն, հանդիպում են «հրեշտակ» բառի այլիմաստ կիրառություններ ևս։ Այսպես այդ բառը գրաբարում կիրառվում է մատնանշելու համար քահանաների և մարգարեների (Մաղ. 2։7, Անգե 1։13), անշունչ առարկաներ (Սաղմ. 88։49, Բ Կորնթ. 12։7), Ավետարանի պաշտոնյաներին, եկեղեցիների տեսուչներին՝ եպիսկոպոսներին (Հայտն. 2։1, 8, 12)։

Սակայն գրաբար Աստավածաշնչում «հրեշտակի» շուրջ հինգհարյուրանգամյա կիրառությունների միայն մի փոքր մասին է հատուկ պատգամավոր իմաստը։ Մնացյալ՝ մեծագույն մասը հատուկ է երկնային էակներին, որոնք, ըստ Սուրբ Գրքի սպասավորում են Աստծուն և հանդիսանալով Նրա պատգամաբերները՝ կատարում են աստվածային տնօրինությունները։ Աստվածաշնչում նրանց երբեմն անվանում են նաև «Աստծո հրեշտակ» (Հոբ 1։6), «սուրբ» (Դան. 8։13), «երկնաբնակներ» (Մատթ. 18։10), «երկնային զորքեր» (Ղուկ. 2:13), «հոգիներ» (Սաղմ. 150։6, Եբր. 1։14, Հայտն. 1։4), ինչպես նաև «դևեր» են անվանում անկյալ հրեշտակներին (Մատթ. 8:16, Ղուկ. 10։20)։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ելնելով հրեշտակների բնությունից, նրանց վերագրվող հատկություններից և զբաղեցրած դիրքից, իր ժամակարգության և առհասարակ ծիսակարգի մեջ նրանց անվանում է նաև զվարթուններ, անմարմիններ, երկնաքաղաքացիներ, հրեղեններ, իմանալիներ, հոգեղեններ, լուսեղեններ և այլն։ Հատկանշական է, որ Հին Կտակարանում հրեշտակները «Տիրոջ Հրեշտակ կամ «Աստծո Հրեշտակ անվամբ» հանդես են գալիս որպես Աստծո ներկայացուցիչներ, միջնորդներ հոգևոր և նյութական աշխարհների միջև։

Սա առավելաբար երևում է Հնգամատյանում և մասնակիորեն աստվածաշնչյան այլ գրքերում։ Հինկտակարանյան որոշ հատվածներում հրեշտակները կարծես զբաղեցնում են Աստծո տեղը (հմմտ. Ծննդ. 31։11-13). սա մի քանի վարկածների տեղիք է տվել գիտական աշխարհում, որտեղ, սակայն գերիշխող է այն, որ մարդկային պատկերացումներով հայտնված հրեշտակները իրականում եղել է Աստվածային Սուրբ Երրորդությունը կամ Երրորդության Երկրորդ դեմքը՝ Հիսուս Քրիստոսը (տես Ծննդ. 18։1-2 հմմտ. Ծննդ. 19։1)։

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *