Пт. Апр 19th, 2024

 

«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում անելով ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանին:

Ըստ աղբյուրի՝ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկը ԶԼՄ-ներին հաղորդագրություն էր ուղարկել՝ նշելով, որ իր 2,5 տարեկան զույգ աղջիկները նոյեմբերի 30-ից սկսել են մանկապարտեզ հաճախել, որից հետո վարքագծի փոփոխություն են նկատել՝ ագրեսիա, վախ, քնի խախտում, դեպրեսիվ տրամադրություն և այլն:

«Կասկածելով մանկապարտեզում երեխաների հանդեպ հնարավոր վատ վերաբերմունքի մասին՝ ձայնագրող սարք ենք տեղադրել երեխայի տիկնիկի մեջ և ձայնագրել դեկտեմբերի 3-ին երեխաների օրը մանկապարտեզում: Պարզվել է, որ երեխաներին ծեծում են, անպատվում, վախեցնում են, այդ թվում՝ սպառնալով մութ սենյակ տանել, դանակով վիզը կտրել և այլն: Երեխաներին անպատվում են և ծաղրում: Այս ամենը ձայնագրված է, և կան անհերքելի փաստեր: Երբ փորձ ենք արել տնօրենի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, տնօրենը կաշառք է առաջարկել մեզ՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով: Այս հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է»,-գրված է ծնողի հաղորդագրության մեջ:

Tert.am-ը «Մեր բակ» մանկապարտեզի Բաղրամյան մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանից տեղեկացավ, որ դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, թե այդ ձայնագրությունները իրե՞նցն է, թե՞՝ ոչ:

«Մենք էլ բոլորի նման համացանցից ենք տեղեկացել, քանի որ ծնողն առաջին հերթին այդ մասին ԶԼՄ-ներին է տեղյակ պահել, ոչ թե մեզ, որևէ վերլուծություն չի պահանջել մեզնից, բացատրություն չի պահանջել, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Անի Հայրապետյանը նշեց, որ դաստիարակը նոր էր ընդունվել աշխատանքի, մի քանի օրվա աշխատակից է եղել, առաջին տպավորությունը վատ չի եղել, հղի էր, աշխատանքի է եկել իր երեխայի հետ, որպեսզի մյուս երեխաների հանդեպ ավելի սրտացավ լինի:

«Մանկապարտեզում երբեք այդ ձեռագիրն ու աշխատելաոճը չի թելադրվել, մանկապարտեզը եղել է ճիշտ ֆոնի մեջ, 12 տարվա մասնավոր մանկապարտեզ է, երբեք բողոք կամ պահանջ չի եղել: Եթե մենք ունեցել ենք նման անադեկվադ, անարժան աշխատակից, որին մենք չենք կարողացել բացահայտել, և դա արել է ծնողը, մենք նրան շնորհակալ կլինենք, միայն թե ամբողջ բացահայտումից հետո»,-ասաց նա:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *