Пт. Апр 26th, 2024

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտիսանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա՝ բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։

Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թվականներին) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։

Հարցազրույցներից մեկում Բելլա Քոչարյանը, խոսելով ամուսնու մասին, ասել է, որ տանը Ռոբերտ Քոչարյանը սովորական հայ տղամարդ է. «Լավ ամուսին է, լավ հայր է, շատ լավ պապիկ է: Իմ զավակները սիրում են զրուցել իր հետ, որովհետև ինքը լավ խորհուրդներ է տալիս: Շատ համեստ է, շատ նորմալ տղամարդ է»:
Պատմելով իր և Ռոբերտ Քոչարյանի ծանոթության պատմությունը նա ասել է, որ իրենց ճակատագիրը որոշել է պատահական հանդիպումը քաղաքում:


«Թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։

Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։
Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։
Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Բելլա Քոչարյանը։

Նա սիրում է ժամանակը անցկացնել իր թոռների հետ: Եվ ինչպես նշել է հարցազրույցում, շատ գոհ է իր հարցներից. «Եվ Զառան, և Սիրուշոն շատ կազմակերպված, շատ կիրթ, ժամանակակից և շատ հարգանքով դեպի մեզ երիտասարդ կանայք են: Շատ ճիշտ են իրենք դաստիարակվել: Դրա հետ միասին շատ ժամանակակից են և ամբիցիաներ ունեն յուրքանչյուրն իր բնագավառում: Ուզում են ձգտել բարձունքների: Բայց առաջնայինը իրենց համար ընտանիքն է, իրենց ամուսինները, երեխաները և մեր մեծ ընտանիքը»,- ասել է Բելլա Քոչարյանը:
Գրեթե նույն հատկանիշներով նա նկարագրում է նաև իր դստեր ամուսնուն՝ Վիգեն Չատինյանին:
Քոչարյանների ընտանիքը ունի նաև իր ավանդույթները: Ինչպես նշել է Բելլա Քոչարյանը, ուշ երեկոյան ամբողջ ընտանիքը հավաքվում է, զրուցում, ինչ-որ բան քննարկում: Իսկ ամուսնու հետ կոնկրետ ճաշի ժամ ունեն՝ 16:00:

От admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *